ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Համաժողովրդական շարժման սկզբունքները պաշտպանելու փոխարեն ձևավորեցին նոմենկլատուրա»

«Համաժողովրդական շարժման  սկզբունքները պաշտպանելու փոխարեն ձևավորեցին նոմենկլատուրա»
15.02.2013 | 00:12

Նախընտրական այսօրվա զարգացումներում շատ հաճախ տրամաբանություն չես կարողանում գտնել: Մեզ հետ զրույցում քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ, սակայն, որոշակի տրամաբանություն տեսնում է ու այն հետևյալ կերպ է մեկնաբանում. «Հիմնական խաղացողները փորձում են իրենց համար հստակեցնել այն դերակատարությունը, որն ունենալու են նախագահական ընտրություններից հետո»:

-Իհարկե` արդյունքների մասով,- շարունակեց Սուրենյանցը,- այս ընտրությունը կանխատեսելի է, բայց չէի ասի, թե այնքան միապաղաղ է քարոզարշավը, որ որևէ հետաքրքիր բան չկա: Այնուամենայնիվ, Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողվում է զանգվածային հանդիպումներ ունենալ Վանաձորում և Գյումրիում: Ակնհայտ է, որ գործող նախագահը ստեղծված իրավիճակում վերընտրվելու է, սակայն այս ընտրարշավն իշխանության համար չլուծեց մի շարք այլ խնդիրներ: Հասարակության դժգոհ զանգվածը որևէ տեղ չի անհետացել: Եթե ընդդիմությունը մի քիչ կենսունակ, ճկուն լիներ, գուցե երկրում այսօր լրիվ այլ վիճակ լիներ:
-Թեկնածուների քարոզարշավն ինչպե՞ս եք գնահատում:
-Սերժ Սարգսյանն ու Հրանտ Բագրատյանը փորձում են ծրագրային ընտրապայքար տանել: Սերժ Սարգսյանի առումով դա բնական է, քանի որ իշխանական թեկնածու է, իսկ Բագրատյանինը դասական արևմտյան ընտրարշավ է, բայց դեռ հարց է` ինչ արդյունք կտա մեզանում: Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է դառնալ բողոքական ընտրազանգվածի կրողն ու նոր ընդդիմություն առաջնորդելու հայտ է ներկայացնում: Մարդկայնորեն ցավում եմ Հայրիկյանի հետ տեղի ունեցածի համար, բայց, կարծում եմ, մահափորձին հետևած իրադարձություններն ու Հայրիկյանի «զիգզագների» վերածված վարքագիծը նրան թույլ չտվեցին դառնալ ընդդիմության առանցքային դեմքերից մեկը:
-Երկրորդ էշելոնի թեկնածուների քարոզարշավի մասին ի՞նչ կարծիք ունեք:
-Վարդան Սեդրակյանին ընդհանրապես չեմ ուզում անդրադառնալ: Ի սկզբանե ինքն ինձ համար քաղաքական գործիչ չի եղել ու քաղաքական գործոն չէ: Վերջին օրերին Հայրիկյանի դեմ մահափորձ կատարողների հետ նրա անվան շոշափումը վերջինիս համար դիվիդենդներ շահելու առիթ է դարձել: Եթե այս դեպքը չլիներ, ես որևէ խոսք, ասելիք չէի կարող նշել, որը Վարդան Սեդրակյան թեկնածուին կհիշեցներ:
-Փաստորեն, խոսակցությունները, որ այսօր ակտիվ քննարկվում են Սեդրակյանի անվան շուրջ, «սարքած» գո՞րծ են, թե՞ դրանցում իրականության հատիկ կա:
-Չեմ կարող ասել, որովհետև շատ անհասկանալի պատմություն է` նույնքան անհասկանալի մեկնաբանություններով: Համենայն դեպս, տխուր է այն փաստը, որ քաղաքական կենսագրություն չունեցող մարդ է հայտնվում ընտրարշավում, ու նրա շուրջ պտտվող այս օրերի խոսակցությունները դարձել են քարոզարշավի հիմնական թեմաներից մեկը: Չեմ կարող նաև ասել, թե ինչպե՞ս է պարոն Սեդրակյանն այդ կարողությունները ձեռք բերել, քանի որ չորս-հինգ տարի առաջ նա ապրում էր շատ համեստ կյանքով: Մի շարք հարցեր կան, որոնք հարցականներ են իմ մեջ առաջացնում, ոչ պատասխաններ: Ինչ վերաբերում է Արման Մելիքյանին և Անդրիաս Ղուկասյանին, չէի ասի, որ նրանց խոսքն ընդհանրապես ինձ հասկանալի չէ: Հասկանում եմ` ինչ են ուզում, ինչ խնդիր են հետապնդում, բայց իրենց առաջադրած օրակարգն այս ընտրապայքարի հետ, ցավոք, առնչություն չունի: Այդ ցուցակների խնդիրը կար նաև համայնքապետերի, քաղաքապետի և ԱԺ ընտրությունների ժամանակ, իսկ «Վերջ շինծու ընտրություններին» լոզունգը կարող էր նաև արդիական լինել նախորդ չորս-հինգ տարիների ընթացքում: Այս ընտրապայքարն էականորեն տարբերվում է մյուսներից, բոլորը սպասում են փետրվարի 19-ին, որովհետև փետրվարի 18-ի հարցը լուծված է:
-Անակնկալների պիտի սպասել հետընտրակա՞ն զարգացումների ժամանակ:
-Հետընտրական զարգացումներում ցնցումներ ու նմանօրինակ իրավիճակներ չեն սպասվում: Սերժ Սարգսյանը, բացի ընթացիկ հարցեր լուծելուց, պիտի նաև «ժառանգորդ աճեցնի»: Հետևաբար, ուզի թե չուզի, իշխանությունը պիտի որոշակի «տեսքի» բերի` բարեփոխի կամ բրգաձև դարձնի: Որոշակի դասավորվածություններ կլինեն նաև ընդդիմության դաշտում: Որքան էլ տոկոսները շինծու, նկարովի լինեն, միևնույն է, դրանք թելադրում են քաղաքական նոր իրավիճակ:
-Հետընտրական իրավիճակում ԲՀԿ-ն ի՞նչ տեղ է ունենալու:
-ԲՀԿ-ն ունի երեք ընտրություն` հետևել իր որոշ անդամների օրինակին և իշխանության մաս կազմել, որը զրոյական կդարձնի այլընտրանքի մասին նրանց պնդումները: Հաջորդ ճանապարհը` փորձել պահպանել «ստատուս քվոն», այսինքն, այն, ինչ հիմա կա, բայց սա շատ բարդ է, որովհետև ԲՀԿ-ում այսօր վիճակը բևեռացված է. Սամվել Բալասանյանն ակտիվորեն աջակցում է իշխանությանը, Վարդան Օսկանյանը` ակտիվորեն քննադատում: Կուսակցությունում որքան էլ ներքին ժողովրդավարությունը խրախուսվի, այնուամենայնիվ, գոնե մի քանի սկզբունքային հարցերի շուրջ բոլորը պիտի համակարծիք լինեն, հակառակ պարագայում ներքին եռոցը կհանգեցնի պայթյունի: Կա երրորդ ճանապարհը` բարեփոխումների ուղիով նոր նշաձող վերցնել: Քանի որ ԲՀԿ-ում որոշումները շատ դժվար են կայացվում, հետընտրական փուլում ԲՀԿ-ի վիճակն ինքնահոսի է լինելու: Քաղաքական դերակատարներից յուրաքանչյուրը փորձելու է ԲՀԿ-ից պոկել որքան հնարավոր է:
-«Հին ընկերները»` ՀՅԴ-ն, ո՞ւմ հետ «ընկերություն» կանի:
-ՀՅԴ-ն խորքային ճգնաժամի մեջ է: Նրանք այս պահին բովանդակային ասելիք ընդհանրապես չունեն, բացի այն, որ այս ընտրությունները վատն են, ու քվեաթերթիկ պիտի փչացնել:
-Դաշնակցությունը և՞ս պիտի վերափոխվի:
-Հեղափոխության կարիք ունի: Գուցե գաղափարական հենքեր ունի ու ցանկացած պարագայում կարող է դրանով ներկայանալ, ի վերջո, պատմություն ունեցող կուսակցություն է: Սակայն այս քաղաքական էլիտայի ասելիքը անհամոզիչ է, որովհետև ՀՅԴ-ն կանգնած է շատ լուրջ սերնդափոխության, ինչպես նաև սոցիալիստական կամ մարգինալ ուժ դառնալու երկընտրանքի առջև:
-«Ժառանգությունը» որտե՞ղ կլինի:
-Րաֆֆի Հովհաննիսյանն ամեն ինչ անում է, որ ընտրությունից հետո ընդդիմության լիդերի էստաֆետը լինի իր ձեռքում: Կստացվի՞ սա, թե՞ Լևոն Տեր-Պետրոսյանը կամ որևէ մեկը «փողոցով» նոր ընդդիմություն կձևավորի, ցույց կտա ժամանակը:
-Լևոն Տեր-Պետրոսյանը նախընտրական այս շրջանում կուսակցություն ստեղծելու մտադրություն է հայտնել. զուգադիպությո՞ւն է, թե՞ քաղաքական ինչ-ինչ հաշվարկների արդյունք:
-Լևոն Տեր-Պետրոսյանի նման փորձառու գործիչը երբեք որևէ պատահական քայլ չի անում: Այլ բան է, որ վերջին շրջանում նրա հաշվարկները շատ սխալ են ստացվում: Բայց որ այդ քայլերը պատահական չեն, հաշվարկների հիման վրա են կատարվում, ակնհայտ է: ՈՒրեմն, ինչո՞ւ մինչև փետրվարի 18-ը հայտարարեց նոր կուսակցություն ձևավորելու մասին: Կա երկու պատճառ. առաջինը` փորձեց իր լիակատար հսկողության տակ պահել ներկայիս ՀԱԿ-ը: Պետրոս Մակեյանն էր փորձում որոշակի բարեփոխումներ անել, Նիկոլ Փաշինյանն էր ուզում դերակատարություն ստանձնել, սակայն Տեր-Պետրոսյանը հասկացրեց, որ ցանկացած պրոյեկտ իր կողմից մերժված է, և ինքը գնում է բրգաձև կառույցի ստեղծմանը, որտեղ որոշումները կոնսենսուսով չեն ընդունվելու: Սրանով նաև ցույց է տալիս, որ ՀԱԿ-ում որոշում կայացնողը միայն ինքն է, առանց իր թույլտվության որևէ բարեփոխման մասին խոսելն անիմաստ է: Տեր-Պետրոսյանը հասկացավ, որ եթե չմասնակցի ընտրություններին և որևէ նախաձեռնությամբ հանդես չգա, հետընտրական Հայաստանում կորցնելու է ընդդիմության առաջնորդի նիշը: Այս նախաձեռնությամբ նա փորձում է երկրորդական դարձնել ընտրությունների նշանակությունը և բոլորին ցույց տալ, որ իր նախաձեռնությունները ընդդիմադիր դաշտի ապագա վերադասավորումների առումով ևս ամենակարևորն են լինելու: Սա համարեք Տեր-Պետրոսյանի ընտրություններին մասնակցելու ձև:
-Հաջորդ ընտրություններին կարո՞ղ է այս կուսակցությունը որևէ դերակատարում ունենալ:
-Ոչ:
-Նոր նախաձեռնությունների համար Տեր-Պետրոսյանի տարիքը խոչընդոտ չի՞ կարող լինել:
-Իհարկե ոչ: Տարիքի բարձրաձայնումն անհեթեթ պատճառաբանություն էր: Այսօր տեսնում ենք, թե ինչպիսի եռանդով է Բեռլուսկոնին պայքարում Իտալիայում նոր կառավարություն ձևավորելու համար:
-Մեր «Բեռլուսկոնին» էլ Լևոն Տեր-Պետրոսյա՞նն է:
-Ամեն դեպքում, 68 տարեկանն այն տարիքը չէ, որ քաղաքականության մեջ թոշակառու համարվի: Պարզապես չուզեցավ մասնակցել այն ընտրություններին, որտեղ իր պարտությունը կանխորոշված էր: ՀԱԿ կուսակցությունը չի լինի այնքան կարևոր գործոն, որքան փորձում են մատուցել, շատ սովորական ուժ է լինելու: Լևոն Տեր-Պետրոսյանի խնդիրը դաշինքը չէր, այլ դրա բովանդակությունը: Նա հասարակությունից օտարվեց, որովհետև համաժողովրդական շարժման սկզբունքները պաշտպանելու փոխարեն ձևավորեցին նոմենկլատուրա: Հիմա այդ նոմենկլատուրան կլինի ՀԱԿ դաշինքում, թե նոր կուսակցությունում` այդքան էլ կարևոր չէ: Եթե կուսակցությունում տեսնենք նոր դեմքեր ու գաղափարներ, կասեմ` վիճակ է փոխվել:


Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3539

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ